Ոստիկանապետն անդրադարձել է Վահագն Հարությունյանին և Միքայել Հարությունյանին հայտնաբերելու խնդրին
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է հարցին, թե ինչու Մարտի 1-ի գործով մեղադրյալ, միջազգային հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանին չեն հայտնաբերում այն դեպքում, երբ հարցազրույցներ է տալիս միջազգային լրատվամիջոցներին։ Հարցին ի պատասխան, ի՞նչն է դրա պատճառը, արդյոք Ինտերպո՞լն է թերի աշխատում, Օսիպյանն ասաց.
«Հետախուզվողներ են լինում, որոնց համար տարիներ են պետք։ Այնպիսի հանգամանքներ են լինում, երբ հետախուզվողներ են լինում, որոնք ամիսներ, տարիներ անց նոր հայտնաբերվում են»։
Դիտարկմանը, որ հայտնի է, որ Վահագն Հարությունյանը ՌԴ-ում է գտնվում՝ ՀՀ ոստիկանապետը պատասխանել է, որ Հայաստանի ոստիկանությունը սերտ համագործակցում է ռուս գործընկերների հետ:
Լրագրողները նաև հետաքրքրվել նե, թե արդյո՞ք Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և Վահագն Հարությունյանի գտնվելու միևնույն վայրը կարող է նրանց չհայտնաբերելու պատճառ դառնալ, Օսիպյանն ասել է, որ ինքն ապաքաղաքական կառույց է ներկայացնում ու չի ցանկանում քաղաքական հարցերի պատասխանել՝ նշելով, որ դա կարող է զուգադիպություն լինել:
Աղբյուրը հիշեցնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ Վահագն Հարությունյանը գործում ներգարվվել էր որպես մեղադրյալ «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար: Նրա, ինչպես նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ Վահագն Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը՝ կազմակերպել է ապացույցների կեղծումը՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»: