ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին. Արարատ Միրզոյան
«Մենք համոզված ենք, որ, այո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
«Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում երերուն չեն, և որևէ երկրի դերը որևէ կառույցում պետք է համակողմանի նայել, ոչ թե առանձին վերցրած հարցով»,-ընդգծեց նա:
ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր՝ Հայաստանը կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ ավարտելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը:
Արարատ Միրոզյանն անդրադարձավ նաև ՔՊ տարածքային կառույցներում վերջին օրերի միջադեպերին և դիտարկմանը, թե ՔՊ-ում ռեյտինգային համակարգը «կռիվ է գցել»:
«Կռիվ չի եղել, իմ ականջին հասավ մեկ-երկու միջադեպ մարզերից, որտեղ նախաձեռնողը հավակնություն ունեցող մեկն էր, ով իրականում ՔՊ-կան չէ», -վստահեցրել է նա: