Վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը որդեգրեց իշխանության մենաշնորհման ուղին. ՀՀԿ
Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրեց իշխանության մենաշնորհման ուղին: Երկրում ձևավորվեց պատգամավորների և ՏԻՄ ղեկավարների վրա աննախադեպ ճնշման մթնոլորտ: Գործադիր իշխանությունը սկսեց շարունակաբար և հանրայնորեն ներազդել դատական իշխանության վրա: Այս տեսակետն է նշվում ՀՀԿ քաղաքական հայտարարության նախագծի մեջ, որ հրապարակվել է երեկ՝ ՀՀԿ խորհրդի նիստից հետո։
Հանրապետականների հայտարարության նախագծում նշվում է, որ գործադիր իշխանությունը (Փաշինյանի ղեկավարած կառավարությունը) մերթ ընդ մերթ կասկածի տակ էր դնում դատարանների կայացրած որոշումները կամ սպառնալիքներ հնչեցնում դատավորների հասցեին։
«Կասկածի տակ դրվեցին 2017թ. ապրիլին կայացած, որևէ քաղաքական ուժի կողմից արդյունքների առումով չբողոքարկված, միջազգային փորձագիտական հանրության կողմից դրական գնահատված և այդ թվում՝ իր իսկ պատգամավորական լիազորությունների իրավական հիմք հանդիսացող ընտրությունների արդյունքները», – ասվում է փաստաթղթում։