«Հարավկովկասյան երկաթուղում» ծագած խնդրի մասին կառավարությունում գիտեն, բայց ոչինչ անել չեն կարող. Արշակյան
Անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղում» ծագած խնդրին՝ կառավարության նիստից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ կառավարությունում այս մասին գիտեն բայց ոչինչ անել չեն կարող։
Հիշեցնենք, որ ըստ «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցների` ղեկավարությունը ստացել է մեծ պարգևավճարներ, իսկ աշխատակիցները դրանցից զրկվել են, ինչի պատճառով էլ արդեն մի քանի օր է` հրաժարվում են աշխատել։
«Կոնցեսիան պայմանագրով իրենք ներդրումային ծրագրեր կատարելու և երկաթուղու գործունեությունն ապահովելու պարտավորություն ունեն։ Թե ինչ իրավական կարգերով և ինչ բոնուսային համակարգով են առաջնորդվում, իրենց կորպորատիվ քաղաքականությունն է»,– հայտարարեց Հակոբ Արշակյանը։
Ինչ վերաբերում է ՀԿԷ-ի՝ նախկինում հայտարարված չարաշահումներին, Արշակյանը նշեց, որ իրավապահները շարունակում են քննություն իրականացնել, իսկ այդ ընկերության հետ պայմանագրի վերանայման պատճառ այս պահին չեն տեսնում։