Ի՞նչ կապ ունի ՊՎԾ-ի բացահայտումը Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցների հետ (տեսանյութ)
Պետական Վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի ՋՕԸ» սպասարկման տարածքում: Մխչյանի առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել են 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: Այս մասին հայտնում է Պետական վերահսկողական ծառայությունը:
«Ջրառ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում ոռոգման ջրի մատակարար: Հողօգտագործողների և գործող հիդրոտեխնիկական նորմերի համաձայն, այդ խողովակների միացումն ապօրինի է: Տվյալ պոմպակայանը պարտավոր է ջուրն ամբողջությամբ մատակարարել «Արտաշատ» ՋՕ ընկերությանը: Խողովակի շարունակության վրա առկա է երեք խողովակ, յուրաքանչյուր մղման խողովակից 100 մմ տրամագծով՝ 50-70 լ/վ ջրատվությամբ:
«Հայտնաբերված խողովակաշարերով, նախնական հաշվարկով, ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց մի մասի համար առկա են չնչին վճարումներ։ Տեղում արձանագրվեց խախտումը, տարածքում ներկա էր Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ տնօրենը, տեղակալը, գլխավոր ճարտարագետը, «Արտաշատ ՋՕԸ»-ի և Արտաշատի մարզպետարանի ներկայացուցիչներ և ոստիկանության մարզային բաժնի աշխատակիչներ: «Արտաշատ Վինկոմ» ՍՊԸ-ն և ջերմոցները պատկանում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առիթով Ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում նախապատրաստվում են նյութեր: