Արտակ Զեյնալյանը՝ համաներումը ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների վրա տարածելու որոշման շուրջ հնչող քննադատությունների մասին
Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է քրեական գործերով համաներումը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամների վրա տարածելու որոշման շուրջ քննադատություններին:
Ասուլիսի ընթացքում Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով համաներումը նաև ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների վրա տարածելու որոշման շուրջ քննադատություններին, ընդգծեց, որ Հայաստանում առաջին անգամը չէ, որ կիրառվում է այդ տիպի համաներում:
«Հիշում եք 2009թ. համաներումը մարտի 1-ի դեպքերի ամբաստանյալների և մեղադրյալների նկատմամբ: Այսինքն, սա նորություն չէ, որ իրականացվել է: Եթե խոսքը գնում է տարբերակված մոտեցման մասին, ապա օրինաչափ վարքագիծը կամ օրինաչափ իրավունքը նախատեսված է քրեական օրենսգրքով, քրեակատարողական իրավական ակտերով:
Սա ամբողջությամբ բացառություն է, ամբողջությամբ տարբերակված մոտեցում է: Համաներման ակտը տարբերակված մոտեցումների համախումբ է, սա իրավունք չէ, սա պետության կողմից պարտականություն չէ, որ պետք է ի կատար ածել: Ինչպես արդեն հնչեցրել եմ, սա շնորհ է, արտոնություն է, և արտոնությունը պետությունն իրականացնում է իր հայեցողությունների, իր հնարավորությունների շրջանակներում, հասարակությունից ստացած քաղաքական պատվերի շրջանակներում, հանձնարարության շրջանակներում»,- մանրամասնեց Զեյնալյանը:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ այստեղ կա իրավունքների հավասարակշռություն: «Եթե նկատեցիք, մենք բազմաթիվ կետերում այդ հավասարակշռությունը փորձել ենք ապահովել, բոլոր շահառուների, այդ թվում նաև՝ մրցակցող շահերի պայմաններում: Նախատեսել ենք նաև սպանվածների, պատանդառուների և մարմնական վնաս կրած անձանց իրավունքների պաշտպանությունը: Եթե նրանք առարկեն, ապա այս համաներումը չի կիրառվի: Մենք չենք կարող անտեսել նաև նրանց իրավունքները: Այս համաներման ակտը այդպիսի հավասարակշռություններով, այդպիսի տարբերակված մոտեցումների կամայականությունների կամ անարդար ընկալվելու բազմաթիվ երաշխիքներ է պարունակում՝ ի տարբերություն շատ այլ համաներման ակտերի: Մենք փորձել ենք սա մաքսիմալ հավասարակշռել»,- ընդգծեց Զեյնալյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ սա իրավունք չէ, սա արտոնություն է:
Զեյնալյանն ասաց նաև, որ համաներման ակտն արդեն օբյեկտիվ իրականություն է, դրա օգտին քվեարկել է Ազգային ժողովի 75 պատգամավոր, և նախագահի կողմից ստորագրվելուց հետո կիրականացվի: