Նոր փոփոխություններով նախատեսվում է, որ քաղաքական ուժը ամեն 19 մանդատի դիմաց կստանա 1 ազգային փոքրամասնության տեղ
Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ ցուցակում ամեն 4-րդը գործնականում պետք է կին լինի, իսկ մենք նոր նախագծով ամրագրում են, որ 25 տոկոսը դառնում է 30 տոկոս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Նա նկատեց, որ գործող օրենսգրքով ռեյտինգային ընտրակարգի պարտճառով կանանց տեսակարար կշիռը ԱԺ-ում նվազել եւ կազմել էր 18 տոկոս, քանի որ ռեյտինգայինով հիմնականում ընտրվում էին տղամարդիկ: Իսկ հիմա, երբ չկա այդ ընտրակարգը, հնարավոր կլինի ԱԺ-ում իսկապես ապահովել կանանց 30 տոկոս ներկայություն:
Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնություններին, Իոաննիսյանը նշեց, որ նոր փոփոխություններով նախատեսվում է, որ քաղաքական ուժը ամեն 19 մանդատի դիմաց կստանա 1 ազգային փոքրամասնության տեղ։
«Այժմ եւս կուսակցություններին հնարավորություն է տրվում ունենալ 2-րդ ցուցակ այսպես կոչված, որտեղ նշվում են 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անունները։ Բայց տարբերությունն այն է, որ եթե նախկինում ազգային փոքրամասնության ներկայացուցչի ընտրությունը ավելի շատ հիշեցնում էր պատահականության սկզբունքը, ապա այժմ ամեն ստացած 19 մանդատների դիմաց ստանում է 1 ազգային փոքրամասնության ներկայացուցչի տեղ։ Սա ավելի հասկանալի եւ կանխատեսելի կլինի ազգային փոքրամասնությունների համար»,- ընդգծեց Իոաննիսյանը: