Նուրմագոմեդովի հայտարարությունը՝ սկանդալային կռվից հետո
Ռուսաստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարությամբ է հանդես եկել լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Խաբիբն այսօր կայացած մենամարտի 4-րդ ռաունդում ստիպել է Կոնորին հանձնվել, ինչի շնորհիվ պահպանել է չեմպիոնական գոտին, իսկ մենամարտից հետո նետվել է դահլիճ և ծեծկռտուք սարքել Մաքգրեգորի թիմի ներկայացուցիչների հետ.
«Ներողություն եմ խնդրում այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ:
Բոլորը հիմա խոսում են այն մասին, որ ես դուրս թռա օկտագոնից, իսկ ի՞նչ կասեք այն մասին, ինչ արեց այդ տղան (խմբ. - Մաքգրեգորը):
Ի՞նչ կասեք այն մասին, ինչ նա ասել է իմ կրոնի, իմ երկրի ու իմ հոր մասին: Նա եկել էր Բրուկլին և կոտրել ավտոբուսի ապակին` քիչ մնալով սպաներ մի քանի մարդու:
Բայց մարդիկ խոսում են միայն այն մասին, որ ես դուրս թռա օկտագոնից: Ես դա չեմ հասկանում:
Հայրս ինձ սովորեցրել է հարգել մարդկանց, բոլորը գիտեն դա: Այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես այդպիսին եմ:
Ինչ տեղի ունեցավ այսօ՞ր. նրան անվանում էին չեմպիոն երկու քաշային կարգերում: Բայց անհաղթելի և անվիճելի չեմպիոնը ես եմ:
Մեդիան փոխում է MMA-ն: Բայց չէ՞ որ MMA-ը սպորտ է: Ես ցանկանում եմ փոխել խաղի կանոնները: Չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկը հիմարություններ դուրս տա մրցակիցների հասցեին, հոր հասցեին, կրոնի և ազգության մասին: Ինձ համար սա շատ կարևոր է: Գիտեմ, որ հայրս կսպանի ինձ, երբ տուն գնամ:
Նևադա նահանգ, Լաս-Վեգաս, ես ներողություն եմ խնդրում:
Շատերն ասում էին, որ նա (խմբ. Մաքգրեգորը) լուսանկար ունի Պուտինի հետ: Իսկ ինձ հենց նոր զանգահարեց Պուտինն ու շնորհավորեց: Ես ասում էի, որ հոկտեմբերի 6-ին ամեն ինչ կփոխեմ: Եվ ես արեցի դա»,- ասել է Խաբիբ Նուրմագոմեդովը: