Ես չեմ կարծում, որ դեկտեմբերին կլինի, որ հիմա մտածեմ՝ կմասնակցե՞նք, թե՞ չենք մասնակցի. Գալուստ Սահակյան
«Ես չեմ կարծում, որ դեկտեմբերին կլինի, որ հիմա մտածեմ՝ կմասնակցե՞նք, թե՞ չենք մասնակցի»,- այս տեսակետն այսօր հայտնեց ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կմասնակցի Հանրապետության կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք անցկացվեն դեկտեմբերին։
Սահակյանը նշեց, որ դրանք մեկ տարվա մեջ՝ մայիսին պետք է լինեն, քանի որ աշխարհում նման կարգ է ընդունված՝ փոփոխվում են ընտրությունների կանոնները և ժամանակ է տրվում ընտրությունների կազմակերպման համար։
«Հիմա մեզ մոտ, փաստորեն, առանց կանոնակարգը փոխելու, առանց նոր մոտեցումներ ձևավորելու, ժամանակը շատ կարճ է քաղաքական ուժերի համար»,- նշեց Սահակյանը՝ կանոնակարգ ասելիս նկատի ունենալով Ընտրական օրենսգիրքը։
Հարցին՝ եթե մինչև դեկտեմբեր օրենսգիրքը փոփոխվի, Հանրապետականը կհամաձայնի՞ գնալ արտահերթ ընտրությունների, Սահակյանը պատասխանեց.
«Ո՛չ, չի համաձայնի, որովհետև այդ Ընտրական օրենսգրքի փոփոխումը երկար պրոցես է, կարճ պրոցես չէ։ Դրանից հետո պիտի փոխված օրինակը լինի, որպեսզի քաղաքական ուժերը՝ այն մասսան, որոնք մասնակցում են ընտրություններին, կարողանան ծանոթանալ դրանց հետ»։