Հաշվեքննիչ պալատը չպետք է ինչ–որ հուշագիր ստորագրի խորհրդարանի հետ. ՀՀԿ պատգամավոր
Այս օրինագիծը վերաբերում է ընթացիկ եզրակացություններին, որը ներկայացնում է ԱԺ հաշվեքննիչ պալատը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ–ում «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ ժողովրդավարական երկրներում Հաշվեքննիչ պալատի եւ խորհրդարանի համագործակցությունը էական եւ կարեւոր նշանակություն ունեն 2 անկախ մարմինների համար. «Դրանով պալատը հրապարակային է դարձնում իր ծավալուն աշխատանքը, որը մեծ կարեւորություն ունի ժողովրդավարական երկրներում հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձարցման առումով, իսկ խորհրդարանի համար դա հնարավորություն է առարկայորեն իրականացնել իր կարեւոր ֆունկցիաներից մեկը՝ վերահսկողական գործառույթը»։
Պատգամավորի կարծիքով՝ Հաշվեքննիչ պալատը չպետք է ինչ–որ հուշագիր ստորագրի խորհրդարանի հետ, քանի որ դա, կարծես թե, խաթարում է պալատի անկախությունը, քանի որ այդ պարագայում խորհրդարանը եւս մասնակից է դառնում այդ գործընթացին, Հաշվեքննիչ պալատը պետք է լինի անկախ եւ նույնիսկ փոքր միջամտություն խորհրդարանի կողմից չպետք է լինի։ «Յուրաքանչյուր եռամսյակի առաջին 3 աշխատանքային օրերի ընթացքում Հաշվեքննիչ պալատի նախագահը Աժ է ուղարկում այդ եռամսյակի ընթացքում նախատեսվող ընթացիկ եզրակացությունների ցանկը՝ բաշխված ըստ ամիսների։ Այստեղ օրենքը թույլ է տալիս, որ այդ ցանկը լինի ճկուն»,–հավելեց նա։