Արցախի պետական նախարարը հանդիպել է հայաստանցի գործարարների հետ
Արցախի կառավարության նպատակն է տեսնել տնտեսական աճի արտացոլումը նաև բնակչության լայն զանգվածների բարեկեցության մեջ:
Այս մասին հայաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Շատ եմ կարևորում տնտեսական բոլոր ճյուղերի փոխկապակցված և կայուն զարգացումը: Տեխնոլոգիական զարգացումներն ու ներկա մարտահրավերները պահանջում են ուշադրություն և կենտրոնացում դեպի այն ոլորտները, որոնք ունակ են ստեղծել բարձր արժեք: Այս տեսանկյունից կառավարությունն ընդգծված քաղաքականություն է իրականացնում հիմնականում մի քանի ոլորտների ուղղությամբ»,- նշեց Արցախի պետնախարարը՝ ոլորտներից առանձնացնելով զբոսաշրջությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները:
Պետական նախարարի խոսքից հետո ֆորումին ներկա գործարարները հարցեր հնչեցրին իրենց գործունեության վերաբերյալ, հայտնեցին Արցախում ներդրումներ կատարելու ցանկություն: