Արման Մկրտումյանի ամառանոց ներխուժածներից մեկը ոստիկան է. նրան բերման են ենթարկել
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում զինված ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվող 2 անձանց ինքնությունը։
Ոստիկանությունից հայտնում են, որ ստացված տվյալները իրացնելով, օգոստոսի 31-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանին, որը ծառայում էր ՀՀ ոստիկանությունում, կոչումով՝ ավագ։
Հետագա միջոցառումներով իրավապահները Մարմարաշեն գյուղի հարակից դաշտում հայտնաբերել են «Կալաշնիկով» ինքնաձիգ և «Մակարով» ատրճանակ, որոնք, նախնական տվյալներով, հանցագործության գործիքներն են։
Մյուս անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ ոստիկանները շարունակում են ձեռնարկել ծավալուն միջոցառումներ։
Սեպտեմբերի 1- ին հայտնաբերվել և ոստիկանություն բերման են ենթարկվել այլ անձինք ևս, որոնց դեպքի հետ առնչությունը պարզվում է։