Ինչպե՞ս բեռնաթափել Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկը. կա 4 տարբերակ
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության եւ տրանսպորտի խորհրդի նիստի ընթացքում ներկայացվել եւ քննարկվել են Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցի նախագծի 4 տարբերակները:
Քաղաքապետարանից հայտնում են, որ նիստին մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, ինչպես նաև խորհրդի անդամներն ու շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Նախագծի տարբերակները խորհրդին ներկայացրել է «Էգիս ինթերնեյշնլ» ֆրանսիական ընկերության նախագծման թիմի ղեկավար, հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռիչարդ Թադանին:
Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցը ներկայում գործում է ծանրաբեռնված, ինչի հետեւանքով օրվա որոշակի ժամերի առաջանում է դժվարանցանելիություն: Ներկայացված նախագծի բոլոր տարբերակների հիմքում անխափան երթեւեկությունն ու հոսքերի բեռնաթափումն է՝ միաժամանակ ապահովելով հետիոտնի անխոչընդոտ անցուդարձը: Խորհրդի անդամները նախագծի տարբերակների վերաբերյալ հնչեցրել են իրենց տեսակետները, ծավալվել է մասնագիտական քննարկում:
Լսելով կողմերի կարծիքներն ու դիտարկումները` որոշվել է նախագծերի վերաբերյալ խորհրդի անդամներին ներկայացնել ավելի մանրամասն տեղեկատվություն եւ հաշվարկներ, առաջիկայում էլ շարունակել քննարկումները: