Հայաստանի համար կարևոր դրույթներ, որոնք մարտահրավերներ են պարունակում. Աշոտյան
Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցավ, և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագրին՝ Կասպյան ծովի կարգավիճակի վերաբերյալ։
Աշոտյանն առանձնացրել է Հայաստանի համար մի քանի կարևոր դրույթներ, որոնք, իր իսկ խոսքերով, մարտահրավերներ են պարունակում:
«1. Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցավ, և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։
2. Տրանսկասպյան գազամուղի կառուցումը, որ կմիացնի Ադրբեջանի և Թուրքմենստանի արտահանող ենթակառուցվածքը, կարող է կառուցվել միայն բոլոր հինգ կողմերի համաձայնությամբ։ Այս դրույթը խիստ կարևոր է Ռուսաստանի և Իրանի համար։
3. Կասպյան ավազանում կարգելվի երրորդ կողմի ռազմական ներկայությունը, ինչը նույնպես ձեռնտու է Ռուսաստանին և Իրանին։
4. Փաստացի Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցին ավելի շատ էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին ռազմավարական և երկարաժամկետ երաշխիքների դիմաց, ինչը դե ֆակտո ամրացնում է մեր հարևանների միջև եղած կապերը։
5. Ներքին քաղաքական արհեստական օրակարգով տարվելը կարող է ծանր նստել մեզ վրա, եթե միջազգային հարթակներում տեղի չունենա ազգային քաղաքական կապիտալի բյուրեղացում և կոնսոլիդացիա»,– ընդգծում է Արմեն Աշոտյանը գրառման մեջ