ՊԲ-ի հարավային և հյուսիսային ուղղություններով իրականացվել են որոշակի աշխատանքներ
Պաշտպանության բանակի հարավային և հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումների, ինչպես նաև կենտրոնական ենթակայության զորամասերի հրամկազմի ներկայացուցիչներն օգոստոսի 6-ից 8-ը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղանքում իրականացրել են որոշակի աշխատանքներ:
Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ աշխատանքները միտված էին ճշգրտելու միավորումների, զորամասերի և տարբեր ծառայությունների գործողությունները առաջադրված մարտական խնդիրների կատարման և իրադրության հավանական զարգացումների դեպքում:
Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղանքում իրականացվող աշխատանքները կարևորել է կոնկրետ իրավիճակի վերլուծության, հակառակորդի հավանական գործողությունների գնահատման և դրանց համապատասխան գործողությունների իրականացման համատեքստում` շեշտելով, որ յուրաքանչյուրի գործառութային պարտականությունների տեսական իմացությունը հանդիսանում է գործնականում այն կիրառելու կարևոր նախապայման:
Ամփոփելով դաշտային երթի արդյունքները գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հետագա անելիքների վերաբերյալ մասնակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ: