Դա չի նշանակում, որ իր որդուն այցելող ծնողն իրավունք չունի հետը միս տանել ու խորոված անել. Փաշինյանը պարզաբանում է
Զինծառայողի ծնողը ստիպված չպետք է լինի ինչ-որ կարիքներ հոգալ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, շատ կարևոր է ըմբռնել, թե ինչի մասին է խոսքը. «Ասվում է, որ ծնողը ստիպված չպետք է լինի ինչ-որ կարիքներ հոգալ: Ոչ ոք չի ասում, որ ծնողն իրավունք չունի իր երեխային համար շոկոլադ կամ տորթ տանել ծննդյան օրվա առթիվ: Խոսքն այն մասին է, որ այն պարտավորությունը, որը դրված է պետության վրա, միարժեք պետք է իրականացվի: Դա չի նշանակում, որ իր որդուն այցելող ծնողն իրավունք չունի հետը միս տանել, արձակուրդ վերցրած որդու հետ գնալ խորոված անել:
Ցավոք սրտի, թե ծնողների, թե հրամանատարության շրջանում այդպիսի մեկնաբանություններ արվում են, բայց ամեն բան պետք է դիտարկել տրամաբանության շրջանակներում: Խոսքն այն մասին է, որ ծնողի համար դա չպետք է սոցիալական նոր բեռ լինի»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:
Նա տեղեկացրեց, որ կան զորամասեր, որոնցից արձագանքներ ենք ստանում, որ շտկվել է իրավիճակը, կան զորամասեր, որ վիճակն այնքան էլ լավ չէ. «Այդ նամակների տեղեկությունների վրա շարունակում ենք աշխատել»,-ընդգծեց Փաշինյանը: