Յուրաքանչյուր երևույթի կարևորագույն կողմը մշակութայինն է. Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Creative Armenia-ի մեկ ամյակին նվիրված միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Creative Armenia մշակութային հիմնադրամի մեկամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, հիմնադրամի հիմնադիր Կարին Հովհաննիսյանը, Creative Armenia-ի հիմնադիր խորհրդատվական խորհրդի անդամ, հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, հասարակական, մշակութային գործիչներ:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ իրականում յուրաքանչյուր երևույթի կարևորագույն կողմը մշակութայինն է: «Քաղաքական այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան, իրականում մշակութային մի մեծ հակամարտության հանգուցալուծում էին և ըստ էության քաղաքական ասպարեզում մրցակցության ելան բռնության մշակույթն՝ ընդդեմ սիրո մշակույթի: Սիրո մշակույթը հաղթեց: Սա շատ գլոբալ փոփոխություն է Հայաստանի կյանքում, որովհետև ցավոք, մինչև վերջերս սիրո մշակույթն ընդունված էր համարել թուլության մշակույթ, իսկ բռնության մշակույթը՝ ուժեղության մշակույթ: Մենք ապացուցեցինք հակառակը և սա ամենակարևոր փոփոխությունն է, որ տեղի է ունեցել Հայաստանում: