Առաջարկել ենք ռեադմիսիայի և վիզաների ազատականացման երկխոսությունը զուգահեռ տանել. Աշոտյան
Վիզաների ազատականացման երկխոսությունը պրոցես է ու հնարավոր չէ մի պահի միանվագ որոշումով դա անել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«ԵՄ մեր գործընկները մեզ ասում են, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի նախորդ պայմանագիրը դեռ ամբողջությամբ կյանքի չի կոչվել։ Ճիշտ են ասում, որովհետև այն կյանքի կոչելու համար ժամանակ և իրավական դաշտ է պետք։ Մի շարք ԵՄ անդամ երկրների հետ օրինակ, Հայաստանը այդ շրջանակային համաձայնագրից հետո առանձին համաձայնագրեր պետք է կնքի ռեադմիսիայի և վիզաների դյուրացման մասով», - ասաց Աշոտյանը:
Նա նկատեց, որ վիզաների ազատականացման երկխոսությունը նույնպես պրոցես է ու հնարավոր չէ մի պահի միանվագ որոշումով դա անել: «Մենք առաջարկել ենք մեր եվրոպացի գործընկերներին այս երկու գործընթացները զուգահեռ տանել, որոնք ժամանակատար են։ Մի կողմից աշխատենք եղած համաձայնագրի դյուրացման և ռեադիմիսիայի համաձայնագրի լիարժեք կյանքի կոչելու համար, բայց որպեսզի ժամանակ չկորցնենք, աշխատենք նաև վիզաների ազատականցման երկխոսության վրա», - նշեց նա։
Խոսելով գործընթացի դժվարությունների մասին՝ Աշոտյանը նկատեց, որ ԵՄ-ն բազմաթիվ օրինակներ է բերում, մասնավորապես, որ Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների կողմից չարաշահումները շատանում են: «Իրենց համար ընտրությունների շեմին դա ձայն բերող, պոպուլյար թեմա չէ: Հակառակը, ցանկացած քայլ իրենց երկրներում ընդդիմությունը կարող է օգտագործել: Այսինքն ընտրությունների ժամանակ մենք տեսանելի արդյունք չենք ունենա, բայց չի նշանակում, որ աշխատել պետք չէ: Պետք ամեն ինչ անել, որ ընտրություններից հետո դա տեսանելի արդյունք տա: Նրանք չեն ուզում շտապել, բայց մեր պատասխանը հստակ է՝ Հայաստանը չպետք է կրի այլ երկրների հետ ունեցած խնդիրներ բեռն ու պատասխանատվությունը»: