Եթե որևէ անօրինական հրաման եղավ՝ առաջին պատասխանատուն Դուք եք լինելու. Բագրատ Սրբազանը՝ Վահե Ղազարյանին
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը դեպի Երևան երթի ընթացքում քիչ առաջ դիմեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ կոչ անելով նրան անօրինական գործողությունների չգնալ:
«Եթե որևէ տեսակի բախում, հրահրում եղավ՝ պաշտոնապես ասում եմ՝ դա իրավապահ համակարգի պատասխանատվությունն է, և նրանք են մեղավոր: Նորից եմ կրկնում՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք, դուք անօրինական որևէ գործողություն չեք կիրառելու ձեր իսկ սեփական ժողովրդի նկատմամբ, որևէ ապօրինի հրաման անընդունելի է լինելու: Ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում: Այս ժողովուրդը անտեր ժողովուրդ չէ, վախեցրել եք, ահ եք տվել, անզորության զգացում եք փոխանցել, բայց հիմա նրանք ոտքի են ելել, իրենց իրավունքներն են պահանջում, և ձեզ համար են պահանջում, հարգելի իրավապահներ, ԱԱԾ, ոստիկանություն:
Կոնկրետ դիմում եմ Վահե Ղազարյանին: Վահե Ղազարյան, մենք միասին ճաշել ենք, հաց ու աղ ենք բաժանել, ես Ձեզ եմ ճանաչում, Դուք էլ ինձ եք ճանաչում: Եթե որևէ ձևով անօրինական հրաման եղավ, ապա առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր ղեկավարը: Եթե ձեզ համար սա կյանքի ու մահվան պատերազմ է ձեր իսկ ժողովրդի դեմ, ապա մեզ համար հաշտության, խաղաղության պայքար է: Ցավոք սրտի, այս ամենը դարձել է ներքին պայքար, բայց պետք է լիներ արտաքին թշնամու դեմ»,- ասաց Սրբազանը: