Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ Opel-ը, մի քանի մետր գլխիվայր շրջվելով, հայտնվել է ձորում․ կան վիրավորներ
Այսօր հուլիսի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 CV 839 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր - Գյումրի ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, 7 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Վթարի մասին ՃՈ 1-77 Օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Ղազարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը Արամ Ղարիբյանի գլխավորությամբ։
Այս պահին վթարի վայրում աշխատում է օպերատիվ խումբը ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է, Շիրակի մարզի դատախազի հանձարարականով դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները և դեպքով զբաղվեն նրանք։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։