Մենք խնայող ազգ չենք, մենք ավելի շատ ծախսում ենք, քան վաստակում ենք. տնտեսագետ
Եթե հայերը կամավոր կարողանային խնայել, կուտակային կենսաթոշակային ռեֆորմը պետք չէր լինի, բայց մենք խնայող ազգ չենք, մենք ավելի շատ ծախսում ենք, քան վաստակում ենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:
Նրա խոսքվո, վերջին 20 տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում սպառումը գերազանցում է եկամուտները, ու դա տեղի է ունենում վարկերով:
«Մեր վարքագիծը չի փոխվել: Իսկ պնդումը, թե եկամուտներս կաճի, կսկսեմ խնայել, վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդպես չի, գնալով ավելի ենք հակված սպառման: Ինչ-որ չափով բարձր աշխատավարձ ստացողին թվում է, որ ինքն ապագայում կդառնա հարուստ, բայց հարուստ դառնալու բանաձեւը կասսա ունենալն է եւ այնտեղ ինչ-որ գումար գցելը, որը չեն անում: Հետո սկսում են ծախսերն աճել»,-ասաց Խուրշուդյանը:
Նա նշեց, որ տարբեր երկրներում հարցումներ են անցկացրել եւ հարցրել են հարուստներին, թե ինչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ինչին շատերը պատասխանել են՝ որքան վաղ տարիքից սկսեք խնայել, այնքան լավ: