ՇՊՀ-ից հեռացված դասախոսների հարցը պետք է բուհը լուծի. ԿԳ նախարար
Այսօր՝ հունիսի 15-ին, Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադրձել է ՇՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակին:
«ԿԳ նախարարությունն ունի շատ հստակ լիազորություններ, և այն, ինչ մենք հայտարարում էինք մինչև հեղափոխությունը, չի կարող հակասել այն գործողություններին, որը մենք անում ենք հեղափոխությունից հետո: Պարտադրել որևէ ուսումնական հաստատությանը որոշումներ, եթե մեկ անգամ նման քայլի գնացիր, դու կվերածվես Սերժ Սարգսյանի իշխանության: ԿԳՆ-ն այս դեպքում փորձել է կողմերին հաշտեցնել, փորձել շփման եզրեր գտնել, և գործընկերները, որոնք հայտնել են, որ իրավիճակն ավելի է սրվել, այդպես չէ: Ավելին՝ այցի արդյունքում պայմանական տարբեր բևեռներում գտնվող ուսանողները նստել են մեկ սեղանի շուրջ, երեկ էլ քննարկումները շարունակվել են և ունեցել են հաջող ընթացք: Ես ողջունում եմ այդ ուսանողներին, և եթե նրանց հաջողվի լուծել իրենց մեջ առկա խնդիրները, դա մեծ դրական ազդեցություն կունենա ՇՊՀ-ի համար»,- ասել է նախարարը:
Նա ընդգծեց, որ համալսարանից հեռացված դասախոսների հարցը պետք է լուծի բուհը, և իրենք չեն կարող հանձնարարական տալ այս առումով:
«Ես չեմ կարող որևէ բուհի ռեկտորի հանձնարարական տալ: Դրա հետ կապված իմ դիրքորոշումը եղել է այնպիսին, որ առժամանակ վերականգնումը քննարկի բուհը, բայց նաև, եթե գործը դատական կարգով է լուծվում, ապա կքննարկվի նաև այդ տարբերակը»,- ասաց նա: