Պետությունը ձեռքերը լվացել է քաղաքացիների հոգսերը հոգալու իր պարտականությունից. Գևորգ Պետրոսյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը համոզմունք է հայտնել‚ որ պարտադիր կուտակային կենսաթոշակի վերաբերյալ իրավական նորմը չի բխում սոցիալական պետության շահերից, հակասում է սեփականության իրավունքի պաշտպանության մասին դրույթներին և համակարգը պետք է դուրս մղվի մեր կյանքից:
«Սոցիալական պետությունն այն է, որ կարողանում է իր հարկաբյուջետային խելամիտ քաղաքականությամբ լուծել իր առջև ծառացած խնդիրները: Մարդիկ ինչո՞ւ են ստեղծել պետությունը. որպեսզի իրենց իրավունքների մի մասը զիջեն պետությանը, իսկ պետությունն էլ պաշտպանի իրենց մյուս իրավունքները: Այժմ ստացվում է, որ քաղաքացիներն իրենց իրավունքները զիջում են պետությանը, բայց պետությունը ձեռքերը լվացել է քաղաքացիների հոգսերը հոգալու իր իրավական պարտականությունից»,- ասաց պատգամավորը:
Գևորգ Պետրոսյանը չցանկացավ մեկնաբանել Աշխատանքի և սոցիալական հարցերի՝ այլևս նախկին նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը՝ նկատելով, որ դա կառավարության ներքին խոհանոցն է:
«Իրենք նույն թիմն են, նույն թիմով են գնացել կառավարություն: Ես, որպես «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ, կոռեկտ չեմ համարում գնահատականներ տալ իրենց ներթիմային անցուդարձին: Պարզապես ողջունում եմ Թանդիլյանի դիրքորոշումը, որ իր ձայնը լսելի չլինելու պատճառով նա հրաժարական է ներկայացրել՝ ի տարբերություն որոշ նախկին նախարարների, որոնց համար բացարձակապես կարևոր չէր՝ իրենց ձայնը լսելի է, թե ոչ»,- նշել է Պետրոսյանը: