Իսրայելի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկի հունիսի 26-ին: Քնեսեթը հետաձգել է ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քննարկումը, որը պետք է կայանար այսօր՝ հունիսի 12-ին: Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը:
Լրատվամիջոցը հաղորդում է, որ քննարկումը հունիսի 26-ին՝ Թուրքիայում նախագահի ընտրություններից հետո անցկացնելու որոշումը կայացվել է Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի և «Մերեց» կուսակցությունից պատգամավոր Թամար Զանդբերգի միջև ձեռքբերված համաձայնության արդյունքում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ընդունել է Արտգործնախարարության առաջարկությունը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց առաջ սպասել մինչև Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները:
Նեթանյահուն հետաձգել է նախարարական օրենսդիր հանձնաժողովում նախատեսվող Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկումը մինչև ընտրությունների կայացումը, քանի որ երկրի արտգործնախարարությունը կանխատեսել է, որ եթե երկիրը պաշտոնապես ճանաչի Ցեղասպանությունը մինչև հունիսի 24-ին կայանալիք ընտրությունները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է օգտագործել Իսրայելի որոշումն աջակիցներ ձեռք բերելու և ընտրություններում հաղթելու համար: