Ապրիլյան պատերազմի մասնակիցների գլխավորած երթը հասավ Բաղրամյան պողոտա. այստեղ փշալարեր են (տեսանյութ)
Ապրիլյան պատերազմի մասնակիցների գլխավորած երթը հասել է Բաղրամյան պողոտա. փշալարերով փակված էր պողոտան: Բացի այդ, վահաններով ու սաղավարտներով ոստիկանները շղթա են կազմել:
Ցուցարարներից մեկը հայտարարեց, որ իրենք ցանկանում են հանդիպել պատգամավորներին. «Եկել ենք ասելու, որ այսօր բողոքի են ելել բոլորը, նույն ոստիկանների ու պատգամավորների հարազատները, երեխաները: Մենք կսպասենք, որ նրանք գան մեզ հետ հանդիպման»:
Նա նաև կոչ ուղղեց ՀՀ ոստիկանապետը Վլադիմի Գասպարյանին՝ ազատ արձակել ապրիլյան պատերազմի մասնակից երիտասարդներին, որպիսիք կան բերման ենթարկվածների մեջ:
Երթին մասնակցում են նաև արցախյան պատերազմի վետերաններ և ապրիլյան պատերազմի զոհերի ծնողներ։
Նշենք, որ այս պահին բողոքի մեծ ու փոքր ակցիաներ են ընթանում քաղաքի տարբեր հատվածներում: Մի խումբ ցուցարարներ փակել էին Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկը: Բժշկական համալսարանի ուսանողներն էլ բողոքի ակցիա են իրականացրել Աբովյան-Հերացի հատվածում, որտեղ նրանց դեմ ոստիկանները ուժ են կիրառել և մի քանիսին բերման ենթարկել: Ցուցարարների են բերման են ենթարկել նաև Ազատության պողոտայում տեղի ունեցող ակցիայից:
Բողոքի ակցիաներ են ընթանում նաև Վանաձոր, Գյումրի, Սևան, Հրազդան քաղաքներում: