Ալավերդցի Վահագնի գործով ևս մեկ քննիչ է կալանավորվել
Հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ Կամո Փիրուզյանին սպանելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ևս մեկ քննիչ է կալանավորվել: Այս մասին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքում Քննչական կոմիտեի ևս մեկ քննիչ է կալանավորվել: Քրեական գործի գաղտնիությունից ելնելով այլ մանրամասներ առայժմ չենք կարող հայտնել»,- ասաց Մարինա Օհանջանյանը:
Նշենք, որ այս գործի շրջանակներում արդեն Քննչական կոմիտեի 3 պաշտոնյա է կալանավորվել:
Հիշեցնենք, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի (Ալավերդցի Վահագն) կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար: