Երևանի հետ համագործակցության շրջանակներում շոշափելի արդյունքներ ենք ակնկալում․ Լիոնի քաղաքապետ
Ֆրանսիայի Լիոն քաղաքի՝ պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը վստահ է, որ իր՝ Լիոնի քաղաքապետ լինելու հանգամանքը միանշանակ ազդեցություն է ունի երկկողմ հարաբերությունների վրա: Այս մասին նա հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված ասուլիսի ընթացքում:
Քաղաքապետը նշել է, որ Հայաստանի և Լիոնի միջև հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության վրա, ինչն անհամեմատ ավելին է, քան պարզապես բարեկամությունը:
«Ես ցանկացա, որ պատվիրակության կազմում ընդգրկված լինեն այնպիսի մարդիկ, ովքեր համապատասխան բարձր պատասխանատվություն ունեն Լիոնի ղեկավարման տարբեր ոլորտներում: Այս օրերին մեր ուշադրության կենտրոնում է եղել բարձրագույն կրթության ոլորտը, ապա անհամեմատ ավելի ընդարձակ տիրույթ՝ զբոսաշրջությունը և առողջապահությունը: Ուշադրության կենտրոնում են եղել նաև քաղաքաշինությանն առնչվող հարցեր»,-ասել է Լիոնի քաղաքապետը:
Վերջինս հավելել է, որ նման ոլորտներում, ինչպիսիք են կինոարտադրությունը, Լիոնը ևս մեծ փորձ ունի, որը նույնպես պետք է փոխանցվի Հայաստանին: