Շարունակում են ՀՀ նախագահին լծակազրկել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանը վայելում է «հաղթանակի դափնիներն» ու արդեն դերի մեջ մտած՝ այցեր նախաձեռնում, ՀՀԿ-ն հետևողականորեն լծակազրկում է նրան: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում երեկ քննարկվեց նաև «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, ըստ որի՝ այսուհետ պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավունք կունենան վարչապետը, Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները, իսկ նախագահն այդ միջնորդությունները միայն պետք է հաստատի: Եթե ԱԺ-ն, ՍԴ-ն և ԲԴԽ-ն իրավասու են իրենց գործունեության ոլորտներին առնչվող անձանց պարգևատրելու կամ կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես գալ, ապա վարչապետն իրավասու է միջնորդությամբ դիմելու հանրապետության նախագահին բոլոր պետական պարգևների և կոչումների վերաբերյալ:
Օրենքից հանվել են պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու հարաբերությունները կարգավորող, ինչպես նաև բարձրագույն կոչում շնորհելու՝ ՀՀ նախագահի լիազորությունը նախատեսող դրույթները: Ի դեպ, օրենքին դեմ էր միայն Նապոլեոն Ազիզյանը, նա ասում էր, որ չպետք է հանել բարձրագույն կոչում շնորհելու, այն է՝ «Ազգային հերոսի» կոչում շնորհելու դրույթը: Բանն այն է, որ նոր Սահմանադրությունն այլևս հատուկ կոչումով պարգևատրում չի նախատեսում՝ նախագծով նախատեսվել են փոփոխություններ, որով «Ազգային հերոս» կոչումը, որը գործող օրենքով համարվում է բարձրագույն կոչում, փոխարինվել է «Հայրենիքի» շքանշանով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: