«Ռմբակոծություն» պոլիտեխնիկական համալսարանում․ տեղի է ունեցել ցուցադրական ուսումնավարժություն
«Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով այսօր՝ մարտի 1-ին, ուսումնատեխնիկական վարժանք է տեղի ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։
Մտահղացման համաձայն՝ հակառակորդը խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծել ՀՀ սահմանամերձ համայնքները: Տեղեկություն կա, որ հակառակորդը սահմանին կուտակում է հրթիռային համակարգեր: Ռմբակոծվել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքը։ Ռմբակոծության հետևանքով մասնաշենքը զգալիորեն վնասվել է, առաջացել են հրդեհի օջախներ և փլուզումներ, շարքից դուրս է եկել կոմունալ-էներգետիկ համակարգը, առկա է քիմիական աղտոտվածության վտանգ և կան տուժածներ:
Սահմանված ժամին «Օդային տագնապ» ազդանշանից հետո համալսարանի ՔՊ շտաբի պետն անմիջապես համալսարանի հասարակական կարգի պահպանման խմբի միջոցով կազմակերպում է աշխատակիցների և ուսանողների պատսպարումը մասնաշենքի նկուղային հարկում: Պատսպարվողները հավաքվում են նկուղում, որից հետո ՔՊ շտաբի պետը զեկուցում է պատսպարման գործընթացի իրականացման մասին համալսարանի ՔՊ պետին` ռեկտորին: «Օդային տագնապի ավարտ» ազդանշանից հետո պատսպարված աշխատակիցները և ուսանողները կազմակերպված դուրս են գալիս և հավաքվում համալսարանի հարակից տարածքի անվտանգ վայրում: Համալսարանի ՔՊ շտաբի պետը տեղի ունեցածի մասին ահազանգում է «911» ծառայություն:
Համալսարանի հասարակական կարգի պահպանման խումբն իրականացնում են տարածքի արգելափակում և երթևեկության սահմանափակում, միջոցներ է ձեռնարկում խուճապը կանխելու համար:
Տեղում հերթապահում էին նաև ՀՀ ոստիկանության կարգախումբը, Շտապ բուժօգնության 1 բրիգադ, «Երևանգազ», «Երքաղլույս» և«Երևան Ջուր» ընկերությունների վթարային խմբերը: