Պետական սահմանն ապօրինի հատած քուվեյթցին կրկին կկանգնի դատարանի առջև
Իտալիայի քաղաքացու կեղծ անձնագրով Քուվեյթի քաղաքացի Մահդիի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու գործը հետ է ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով քննության:
Մահդիին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել, դատապարտել 3 ամսվա ազատազրկման և տուգանել 250 հազար դրամով: Հաշվի առնելով, որ ամբաստանյալն ավելի քան 3 ամիս կալանքի տակ է գտնվել, նրան ազատ են արձակել արգելանքից դատական նիստերի դահլիճում:
Տավուշի մարզի դատախազ Ա. Մանուկյանը, սակայն, դժգոհ էր վճռից և դիմել էր Վերաքննիչ՝ պահանջելով բեկանել դատավճիռն ու քրեական գործն ուղարկել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեղադրողի բողոքն ու գործը հետ ուղարկել Տավուշի դատարան:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Մահդին 2017թ.-ին մայիսի 27-ին իր լուսանկարով, սակայն մեկ այլ անձի կենսորոշիչ տվյալնելով լրացված Իտալիայի քաղաքացու կեղծ անձնագրով ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և Վրաստանից Բագրատաշենի հսկիչ անձնագրային կետով մտել Հայաստան: