Հայաստանի 7 Շվեյցարիայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը
Շվեյցարիայի խորհրդարանի նախագահի ու իր գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպումը շատ հագեցած և հետաքրքիր է անցել: Այս մասին ՀՀ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովում Շվեյցարիայի խորհրդարանի Ստորին պալատի նախագահ Դոմինիկ դե Բումանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով` հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին տարիների հայ-շվեյցարական հարաբերությունների հարցերը: «Քննարկվել են նաև երկու երկրների խորհրդարանների միջև երկկողմ համագործակցության հարցեր: Խորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ համագործակցությունը չափազանց կարևոր է»,- նշել է Բաբլոյանը:
ՀՀ խորհրդարանի ղեկավարը նաև շեշտել է, որ անդրադարձ է եղել միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում երկկողմ համագործակցության հարցերին:
Նա բարձր է գնահատել Շվեյցարիայի խորհրդարանի Ստորին պալատի ղեկավարի ներդրումը հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման գործում: Բաբլոյանը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցության համար ևս մեկ կարևոր հարթակ կարող է դառնալ այս տարի աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: ՀՀ խորհրդարանի նախագահը նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը և հայ-թուրքական հարաբերությունները: Բաբլոյանը հայտարարել է, որ շվեյցարական պատվիրակության հետ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: