77-ամյա տատիկը բժիշկներին հայտնել է, որ ինքը վրաերթի է ենթարկվել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Տաշիր մասնաճյուղի կառավարիչի կողմից
Ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արկադի Թումոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 18-ին, Տաշիրի պոլիկլինիկայից Ոստիկանության Տաշիրի բաժին հայտնած ահազանգի փաստով:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ պոլիկլինիկայից Ոստիկանությանը հայտնել են, որ «կրծքավանդակի աջ ստորին հատվածի փափուկ հյուսվածքի սալջարդ վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության դիմել Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչ, 77-ամյա Անժելինա Մարգարյանը:
Հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ:
Պոլիկլինիկայում Ա. Մարգարյանը ոստիկաններին հայտնել է, որ նախորդ օրը՝ հունվարի 17-ին, ժամը 13:00-ի սահմաններում ինքը վրաերթի է ենթարկվել Mercedes մակնիշի 49 XX 909 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ՝Երևանյան փողոցի թիվ 5 հասցեի մոտ՝ ավտոմեքենայի հետընթաց կատարելու հետևանքով:
Տաշիրի ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենան պատկանում է Տաշիր քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 70-ամյա Պետիկ Պետրոսյանին, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Տաշիր մասնաճյուղի կառավարիչ:
Կան նաև տեղեկություններ, որ վրաերթ տեղի չի ունեցել, այլ վրաերթի ենթարկվածը, ով ձեռնափայտով է եղել, վայր է ընկել:
Այդ տեղեկությունը նույնպես ոստիկանները պարզում են: