Հայաստանում հասարակական տրանսպորտի և տաքսի ծառայությունների սակագները կբարձրանան. ՀԿ-ի ղեկավար
Հանրային տրանսպորտի և տաքսի ծառայությունների սակագները բենզինի և դիզվառելիքի գնի բարձրացման հետևանքով անխուսափելիորեն կաճեն:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ավտովարորդների պաշտպանների լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եթե բենզինի և դիզվառելիքի գները չնվազեն: «Ամեն անգամ էներգակիրների գնի բարձրացման հետ մեկտեղ ուղևորափոխադրումների սակագները մնում են նույնը, ինչը հանգեցնում է վարորդների արդար դժգոհությանը»,- նշեց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված գազի գները բարձրացել են: Սա, ըստ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, պայմանավորված է Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելով: