Արտակարգ վթար Երևանում. թիվ 37 երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, 200 մետր առաջ ընթանալով, մի քանի նստարաններ կոտրելով՝ բախվել է հաստաբուն ծառին (լուսանկարներ)
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում թիվ 37 երթուղին սպասարկող Diger մակնիշի 4785 Տ համարանիշի ատոմեքենայի վարորդ՝ 36-ամյա Արտակ Գաբրիելյանը դեռևս անհայտ պայմաններում Կոմիտասի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , բախվել գովազդային վահանակին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և մոտ 250 մետր առաջ ընթանալով՝ բախվել ծառին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչները։ Ավտոբուսում եղել են մեծ թվով ուղևորներ, ովքեր նույնպես չեն տուժել։
Ավտոբուսում գտնվող քաղաքացիներն ասում էին, որ վարորդի ճիշտ և պրոֆեսիոնալ վարելու արդյունքում է, որ վթարը ողբերգական ավարտ չի ունեցել, նա շատ ճիշտ է կողմնորոշվել, խույս է տվել բազմաթիվ հետիոտներից ու հետո բախվել է հաստաբուն ծառին։