Հատկապես քաղաքական կոռուպցիան դատարաններում պետք է վերացնել. Հովհաննես Մանուկյան
Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է նաև նոր «Դատական օրենսգիրքը», որն ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից և ենթադրում է Երևանի առաջին ատյանի յոթ դատարանների միացումը: Այսինքն` ապրիլի 9-ից Երևանում կլինի մեկ ատյանի դատարան: Ի վերջո, ինչ կտա այս փոփոխությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը նշեց. «Իրականում այս փոփոխությունը լուծում է մեկ կարևոր խնդիր՝ քրեական դատավարությունում մինչդատական վարույթներով դատավորների ծանրաբեռնվածության հարցը։ Այսօր, օրինակ, Արաբկիրի դատարանը գործող ընդդատության կանոնների համաձայն` կրում է նման վարույթների քննության ծանրության առյուծի բաժինը։ Բնականաբար այս դատարանի դատավորների աշխատանքային ծանրաբեռնվածությունը անհամեմատելի է Երևանի մյուս դատարանների դատավորների համեմատ։
Սա խնդիր է, որը պիտի լուծում ստանա։ Թեև, անկեղծ ասած, այս հարցը հնարավոր էր շատ վաղուց, արագ և առանց դատարանակազմական փոփոխությունների լուծել քրեադատավարական օրենքի մեկ հոդվածի փոփոխությամբ՝ սահմանելով ընդդատության նոր կանոն, համաձայն որի` անկախ նախաքննական մարմնի գտնվելու վայրից նման գործերը քննության ենթակա կլինեին Երևանի որևէ դատարանի։ Բայց կառավարությունը գնացել է այս ճանապարհով, ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա։ Բացասական որևէ լուրջ հետևանք չեմ տեսնում, բացառությամբ թերևս այն կազմակերպական խնդիրներից, որոնք կառաջանան սկզբնական շրջանում այս նոր դատարանի ձևավորման հետ կապված՝ կադրային, ֆինանսական, շենքային և այլն»։
Դիտարկմանը՝ սա կարող է վնասել դատավորների անկախությանը, նա նշեց. «Դատավորների անկախության ապահովման համար պետք է վերացնել կոռուպցիան դատարաններում և հատկապես քաղաքական կոռուպցիան։ Այսինքն` առավելապես գործադիր իշխանության փաստացի ազդեցությունը դատական համակարգի նկատմամբ պետք է չեզոքացնել։ Իսկ մեկ դատարան թե տասնմեկ, սա ավելի շատ տեխնիկական հարց է»։