Հայերը բարոյական պարտավորություն են զգում նպաստելու ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերին. Նալբանդյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է արել Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ:
Նախարարի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
Այսօր, նշելով Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը, մենք միանում ենք բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում երաշխավորելու, որ «այլևս երբեք»-ը դա համամարդկային խոստում է, որը հարգվում և պահպանվում է բոլորի կողմից:
Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` հայերը բարոյական պարտավորություն են զգում` նպաստելու ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին:
2015 թվականին Հայաստանի նախաձեռնությամբ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձև, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեր ջանքերով դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր»: