Երևանը պատրաստվում է Ամանորին
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ սկսել և շարունակում է մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքները: Մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև շատրվաններին տեղադրվում են տոնական լուսավորության համակարգեր ու լուսադիոդային զարդարանքներ:
Աստիճանաբար ամբողջանում է նաև հանրապետության գլխավոր տոնածառը: Այս տարի այն կզարդարվի 150 շարք լույսով և շուրջ 400 խաղալիքով: Հանրապետության հրապարակից բացի, տոնածառեր են տեղադրվում նաև Երևանի բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում:
Գլխավոր տոնածառի լույսերը և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորությունը կմիացվեն դեկտեմբերի 19-ին, որով կազդարարվի ամանորյա միջոցառումների մեկնարկը: