Ֆրանսիան երկրորդ հայրենիք է դարձել հարյուր հազարավոր հայերի համար. Բակո Սահակյան
Ֆրանսիան երկրորդ հայրենիք է դարձել հարյուր հազարավոր հայերի համար: Նոյեմբերի 21-ին Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքում «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Նա նշել է, որ Ֆրանսիան հայերի համար բարեկամ երկիր է, Ֆրանսիայի ժողովուրդը՝ եղբայրական ժողովուրդ՝ հավելելով, որ նման ընկալումը գալիս է դարերի խորքից և ապացուցվում է կոնկրետ օրինակներով:
«Ֆրանսիան դարձավ հարյուր հազարավոր հայերի երկրորդ հայրենիքը, որտեղ ստեղծվեցին նպաստավոր պայմաններ նրանց ինքնադրսևորվելու, ազատ ու բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայի հայերը տվել են տարբեր բնագավառներ ներկայացնող աշխարհահռչակ մարդկանց մի ամբողջ համաստեղություն, ովքեր հարստացրել են ոչ միայն հայկական, այլ նաև ֆրանսիական ու համաշխարհային մշակույթը, գիտությունը, սպորտը և այլ ասպարեզներ»,- ելույթում ընդգծել է Արցախի նախագահը:
Նա խորհրդանշական է համարել «Արցախի օրերի» պաշտոնական բացումը Վիլյորբանում, որն ունի մեծ հայ համայնք և ամուր կապեր Արցախի հետ:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Արցախին նվիրված ցուցահանդեսի լուսանկարների հեղինակին և կազմակերպիչներին՝ մեր երկիրը յուրովի ներկայացնելու համար՝ հավելելով, որ աշխատանքը կատարված է այնպիսի բարձր մակարդակով, որ անծանոթ մարդուն հնարավորություն է տալիս ծանոթանալու Արցախին, մեր բնությանը, պատմությանը, մշակույթին, մարդկանց ու նրանց ներաշխարհին՝ ցանկություն և հետաքրքրություն առաջացնելով անպայման այցելելու մեր հանրապետություն:
Միջոցառման ընթացքում Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Վիլյորբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրետին և շնորհակալություն հայտնել նրան ու քաղաքապետարանի ամբողջ անձնակազմին կատարած աշխատանքի համար, ինչը կարևոր է քաղաքական, բարոյական, իրավական, մշակութային, մարդասիրական և այլ տեսանկյուններից:
Նախագահը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերություները ժամանակի ընթացքում միայն կամրապնդվեն, կընդլայնվեն ու կխորանան: