Իշխանությունները հասան այն բանին, որ ուսանողների պայքարը դադարեցվեց. խնդրահարույց օրենքն ընդունվեց
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանը երեկ 86 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրինագիծը: Ինչպես հայտնի է՝ նախագծով էապես սահմանափակվում է ուսումնառության նպատակով տարկետում ստանալու իրավունքը, ինչն էլ դժգոհությունների առիթ էր դարձել. յոթ օր շարունակ պետական բուհերի ուսանողները դասադուլներ, նախօրեին չորս հոգի անգամ հացադուլ էին կազմակերպել:
Բայց երեկվանից նրանք դադարեցրին իրենց դասադուլը: Սա այն բանից հետո, երբ հանդիպելով ԱԺ ղեկավարության հետ՝ բողոքի ակցիաների կազմակերպիչները՝ «Հանուն գիտության» զարգացման նախաձեռնության անդամները, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից հավաստիացում են ստացել, որ նոյեմբերի 22-ին կանցկացվի կլոր սեղան-քննարկում, և եթե իրենք անառարկելի փաստեր ներկայացնեն, որ օրենքը սխալ է, հնարավոր է և փոփոխություններ արվեն: Այլ կերպ ասած՝ իշխանությունները, օգտվելով երիտասարդների անփորձությունից, պարզապես համոզել են գոնե ժամանակավորապես դադարեցնել պայքարը, իսկ այդ դադարից հետո վերսկսվելու դեպքում հազիվ թե բողոքի ալիքը նույն թափը ստանա:
Ինչ վերաբերում է օրենքի հիմնավորումներին, ապա իշխանությունների փաստարկները ևս տրամաբանական են, այլ հարց է, թե հայաստանյան իրականության մեջ այն ինչպե՞ս կկիրառվի: Այսինքն՝ խնդիրը օրենքի կիրառման ձևին է վերաբերում, ինչպես կար մինչ այս:
Բանն այն է, որ ուսումնառության նպատակով ուսանողը տարկետման իրավունքից օգտվել կկարողանա, եթե ՊՆ-ի հետ կնքի պայմանագիր, ըստ որի՝ ուսումնառությունից հետո լեյտենանտի կոչումով, ՊՆ նախանշած վայրում, բայց արդեն երեք տարի կանցնի զինվորական ծառայության:
Այս դեպքում դժվար չէ կռահել, թե ինչ է լինելու. չունևոր ընտանիքների երեխաներին ՊՆ-ն պայմանագիր կնքելով կուղարկի սահման՝ առաջին գծում ծառայելու, իսկ մեծահարուստների կամ պաշտոնյաների զավակներին ՊՆ-ն կուղարկի գլխավոր շտաբ կամ ավելի հանգիստ ծառայության: Ճիշտ այնպես, ինչպես հիմա, պարզապես այսուհետ՝ օրենքի շրջանակներում»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: