Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը տալիս է դրական արդյունքներ. Պուտին
Ինչպես արդեն հայտնել ենք, Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը հանդիպել են Կրեմլում:
ՌԴ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ երկու նախագահների թիմերը լարված աշխատում են մարտին Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցով:
«Այդ աշխատանքը տալիս է դրական արդյունքներ: Ես նույնիսկ չեմ խոսում քաղաքական կապերի, անվտանգության ոլորտներում մեր համագործակցության մասին, այլև տնտեսության մեջ: Անցած տարի արդեն սկսել էր աճը, իսկ այս տարի այն աճել է մեկ երրորդով, ինչն, անխոս, ուրախալի է, և ցանկալի կլիներ այդ միտումը պահպանել»,- շեշտել է Վլադիմիր Պուտինը:
Նա նաև նշել է, որ Սերժ Սարգսյանի այս աշխատանքային այցը Մոսկվա կապված է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկի հետ կապված: «Մենք շատ ուրախ ենք, որ այս ուղղությամբ էլ շատ արդյունավետորեն համագործակցում ենք: Հիմա մենք Ձեզ հետ միասին կմեկնենք Տրետյակովյան պատկերասրահ, ցուցահանդեսը կդիտենք, և այնտեղ ևս մեկ միջոցառում է նախատեսված, Դուք գիտեք: Մեր իրավապահ մարմինները վերադարձնում են Հայաստանում գողացված Վրուբելի նկարը: Վստահ եմ, որ այդ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն կառաջացնի կերպարվեստի սիրահարների շրջանում:
Կցանկանայի շնորհակալություն հայտնել, որ աջակցել եք այդ ցուցահանդեսի կազմակերպմանը, և մենք էլ մեր կողմից ամեն ինչ կանենք, որ և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ հայ հանրությունը Հայաստանում ժամանակակից պայմաններում, ժամանակակից միջավայրում հնարավորություն ունենա առնչվելու ռուսական արվեստի ձեռքբերումներին և այն ամենին, ինչով մենք հպարտանում ենք: Այս ուղղությամբ հետագայում էլ միասին կաշխատենք»,- հավելել է Վլադիմիր Պուտինը: