Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց Hyundai ավտոմեքենայում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առաջ, Hyundai մակնիշի 34 ԼC 427 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Մարտիոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի բնակիչ, 55-ամյա Սարգիս Աբրահամյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինս ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը, բախվել ծառին և ավտոմեքենայով կանգ առել ու արդեն ոստիկաններն ու քննիչները նրան ավտոմեքենայում հայտնաբերել են մահացած: Փաստի առթիվ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: