Ուսանողները գնացին տուն. երկու օր դասադուլ չի լինի
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի տապալումից հետո ԱԺ վարչական շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող երիտասարդները հեռացան։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ այսօր հաջողություն են գրանցել, քանի որ ԱԺ համապատասխան նիստում օրինագիծը չքննարկվեց։
«Աշխատելու ենք նրա համար, որ Հայաստանում ոչ միայն ուսանողը, այլև յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, եթե ունի կարծիք, նա կարող է ազդեցություն ունենալ որոշումների ընդունման գործընթացի վրա», - հայտարարեց երիտասարդը:
Բողոքի ակցիայի կազմակերպիչները բարձրախոսով հայտարարեցին, որ առաջիկա հանգստյան օրերին ակցիաները կդադարեցվեն և այդ ընթացքում կքննարկեն հետագա անելիքների մասին։ Նշենք, որ արդեն չորս օր է՝ ուսանողները տարկետման իրավունքի պահանջով բողոքի ակցիաներ են անցկացնում, չեն մասնակցում դասերին։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ քվորումի բացակայության պատճառով ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը չկայացավ և հետաձգվեց մինչև նոյեմբերի 13-ը։ Նիստում պետք է քննարկվեին զինծառայությանը վերաբերող մի քանի վիճահարույց նախագծեր՝ ԱԺ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու համար։