Մոլդովայի նախագահը Թումո կենտրոնի ձեռքբերումներից հիացած է
Թումո կենտրոնի փորձը հետաքրքիր կլինի կիրառել նաև Մոլդովայի երիտասարդների համար։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին հիացմունքով ասել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ավելացնելով, որ պաշտոնական հյուրի կարգավիճակում առաջին անգամ է Հայաստանում։
«Պետք է նշեմ, որ հիացած եմ այն ամենով, ինչ կապված է երիտասարդների բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում ունեցած գիտելիքների հետ, իսկ այն, ինչ կապված է հայ ժողովրդի պատմության հետ, ապացուցում է հայ ժողովրդի մեծությունը»,- իր խոսքում նշեց նախագահը։
Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի կարծիքով, մշակույթը հզոր գործիք է, և երկկողմ հարաբերություններում մշակութային բաղադրիչի ուժեղացման տեսանկյունից այցը շատ կարևոր էր։ «Մինչ մյուս երկրները հպարտանում են իրենց նավթադոլարներով, մենք աշխարհին ենք ներկայանում մեր մշակույթով»,-ընդգծում է նա։
Նշենք, որ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահը այցելել է Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: