Շուրջ 400 ուսանող դասի չի եկել. Ցուցարար ուսանողները շրջում են ԵՊՀ ֆակուլտետներով
Տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի դեմ բողոքի ելած ուսանողները, որոնք արդեն երրորդ օրն է դասադուլ են հայտարարել և պահանջում են չհանել տարկետման իրավունքը, այս պահին շրջում են ԵՊՀ ֆակուլտետներով և փորձում պարզել՝ արդյոք լսարանները դատարկ են, թե ոչ:
«Հանուն գիտության նախաձեռնության զարգացման» անդամները մի քանի լրագրողների հետ մտել են մասնաշենքեր, որտեղ լսարանների մի մասը դատարկ էին, մի մասը փակ, որոշ լսարաններում էլ սակավաթիվ ուսանողներ կային:
News.am-ի փոխանցմամբ՝ Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 100 տոկոսանոց դասապրոցես չէր ընթանում, շուրջ 400 ուսանող դասի չի եկել, սակայն դասապրոցես ընթանում է:
«Ինձ թվում է՝ պատճառը դասադուլն է, բայց տարբեր կուրսերում տարբեր քանակով ուսանողներ եղել են, այսինքն՝ ասել, որ ընդհանրապես դասեր չեն ընթանում, ճիշտ չէ», - նշել է դեկանը՝ հավելելով, որ թեև ինքը տարկետման վերացմանը կողմ չէ, բայց դասադուլներին ևս կողմ չէ:
Արդեն շենքից դուրս «Հանուն գիտության նախաձեռնության զարգացման» անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ շատ քիչ ուսանողներ են դասի գալիս. «Իհարկե, կլինեն ուսանողներ, որոնք դասադուլը կօգտագործեն պարզապես դասի չգալու համար, մենք այս խնդրից չենք կարող ապահովագրված լինել, բայց փաստն այն է, որ դասապրոցես, որպես այդպիսին տեղի չի ունենում»:
Նա տեղեկացրեց, որ ԵՊՀ-ի ղեկավարությունն իրեցն հետ զրույցում հայտարարել է, որ ճիշտ որոշում չի եղել, երբ նախօրեին փակվել էին համալսարանի դռները:
Ցուցարար ուսանողները մտադիր են երթով շարժվել դեպի կառավարության շենք, որտեղ այսօր կառավարությունը իր հերթական նիստն է հրավիրել:
Մանրամասները՝ այստեղ.