Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը մեկ տարվա ընթացքում կարագը թանկացրել է 53 տոկոսով
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանն այսօր ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում ներկայացրել է, թե ինչու է թանկացել կարագը։
Շաբոյանի տվյալներով՝ «Ալեքս գրիգ» ընկերությունը, որը Նոր Զելանդիայից կարագ է ներմուծում, անցած տարվա սեպտեմբերից կարագը թանկացրել է 53 տոկոսով, իսկ տարեսկզբից՝ 35 տոկոսով։ Շաբոյանը փորձել է հավաստիացնել, որ այս շուկայում մենաշնորհ չկա և բազմապատկվել է ներմուծող ընկերությունների քանակը և մրցակցությունն ուժեղացել է։
Թե մրցակցության դեպքում ինչու է գինը բարձրացել, այլ ոչ թե նվազել, նա հիմնավորել է արտադրողի գնային քաղաքականությամբ՝ կարագի ձեռքբերման փաստաթղթերում նշված գնով, ըստ որի՝ արտադրողն այն թանկացրել է 87 տոկոսով։