Վարչապետը տվել է օտար լեզուների վիճակի բարելավման հանձնարարական. նախարարը՝ ռուսերենի դասավանդման հայեցակարգի մասին
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պարզաբանել է, թե ինչու է շրջանառության մեջ դրվել ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգը:
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ընդգծել է, որ օտար լեզուների հայեցակարգերի նպատակն է, որ դպրոցականները լավ տիրապետեն օտար լեզվի:
«Մեր երեխաները հրաշալի գիտեն հայալեզու գրականությունը, բայց ընդունվում են Ֆիզիկայի ֆակուլտետ ու պարզվում է՝ օտար լեզու չգիտեն: Եթե ուզում ենք սեփական դրոններն ունենալ, զարգացնել գիտությունը, պետք է բարձրացնենք օտար լեզվի իմացության մակարդակը Հայաստանում: Մենք հայագիտության բլոկին ձեռք չենք տալիս, պարզապես խորացնում ենք օտար լեզուների ուսուցումը»- ասաց Լևոն Մկրտչյանը:
Նախարարը հայտնեց, որ ներկայումս երկու հայեցակարգ կա մշակված՝ ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն լատինատառ հենքի վրա և ռուսերեն. «Ինքս օտարալեզու դպրոցների գաղափարին դեմ եմ, մենք պարզապես ցանկանում ենք օտար լեզվի խորացված ուսուցում»:
Լևոն Մկրտչյանը հորդորեց այս թեման չքաղաքականացնել:
Նշենք, որ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ»-ը: Այս հայեցակարգը մեծ աղմուկ է բարձրացրել: Սեպտեմբերի 21-ին վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգն իր հանձնարարականով չի եղել:
Լրագրողների դիտարկմանը, թե հայեցակարգում նշված է, որ վարչապետի հանձնարարականով է ստեղծվել, մինչդեռ նա հերքում է այդ լուրերը, Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ եղել է ընդհանուր օտար լեզուների վիճակի բարելավման հանձնարարական. «Ինչպե՞ս կատարել այդ հանձնարարականը, եթե ոչ հայեցակարգեր մշակելով: Վարչապետի կողմից եղել է հանձնարարական՝ օտար լեզուների ուղղությամբ դրական որակական փոփոխություն առաջացնելու ուղղությամբ, դեռևս դեկտեմբերին ստեղծվել է երկու հանձնախումբ՝ հանձնարարությունը կատարելու համար»: