Գանձասարի ֆուտբոլիստը ներողություն է խնդրել դաշտն ինքնակամ լքելու համար
«Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան մեկնաբանել է իր պահվածքը Հայաստանի առաջնության 5-րդ տուրի` «Ալաշկերտի» խաղում:
Զամբիացի ֆուտբոլիստն առաջին խաղակեսի ավարտից 10 րոպե առաջ ինքնակամ լքել է խաղադաշտը, ինչի պատճառով կապանցիների գլլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը հարկադրված փոփոխություն է կատարել:
Մուսոնդան բաց նամակով դիմել է երկրպագուներին, «Գանձասարի» մարզչական շտաբին և թիմակիցներին` ներողություն խնդրելով ոչ պրոֆեսիոնալ պահվածքի համար.
«Գանձասար-Կապանի» սիրելի թիմակիցներ, մարզչական շտաբ, ղեկավարներ և երկրպագուներ։ Ուզում եմ ներողություն խնդրել առաջնության «Ալաշկերտի» հետ խաղում իմ ոչ պրոֆեսիոնալ պահվածքի համար։ Գիտակցում եմ, որ իմ սխալ քայլով ավելի եմ դժվարացրել թիմակիցներիս գործը` ավելորդ լարվածություն հաղորդելով թիմին։
Գիտակցում եմ, որ սխալ եմ թույլ տվել և ուզում եմ ներողություն խնդրել բոլորից թե՛ թիմակիցներիցս, թե՛ մարզչական շտաբից, թե՛ ակումբի ղեկավարությունից, թե՛ երկրպագուներից։ Ուրախ եմ, որ անգամ նման սխալ թույլ տալուց հետո թիմակիցներս էլի իմ կողքին էին և աջակցություն էին ցուցաբերում։
Երեք տարի է, ինչ այս ընտանիքում եմ և ինձ միշտ սիրված և հարգված եմ զգացել, ուրախ եմ, որ այս կոլեկտիվի, այս ընտանիքի մասն եմ կազմում։ Բայց ցանկացած սխալ պետք է շտկել։ Իմ սխալը ուղղելու միակ վայրը խաղադաշտն է։ Կփորձեմ իմ խաղով, իմ գոլերով ու գոլային փոխանցումներով ուղղել այն և միայն դրական էմոցիաներ պարգևել իմ թիմին ու երկրպագուներին, քանի որ «Գանձասար-Կապանը» արժանի է դրան»,- նշվում է Մուսոնդայի հայտարարության մեջ: