80-ամյա արարատցին իր տան բակում սպանվել է 23 տարի առաջ կատարած սպանության համար
80-ամյա արարատցի տղամարդն իր տան բակում դաժանաբար սպանվել է բահով՝ համագյուղացու կողմից։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ 2017թ-ի սեպտեմբերի 6-ին իր տան բակում հայտնաբերվել է 80-ամյա տղամարդու դի՝ բռնություն հետքերով։ Տարեց տղամարդուն բազմաթիվ վնասվածքներ են պատճառվել բահով և եղանով։ Պարզվում է, նրան դաժանաբար սպանելու մեջ կասկածվում է նույն գյուղի՝ 29-ամյա բնակիչ։
ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ նախնական քննության տվյալներով սպանությունը կատարվել է վրեժխնդրությունից դրդված համագյուղացի երիտասարդի կողմից։ Քննիչը որոշում է կայացրել 29-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորյալ սպանության համար, որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Սպանության մեջ կասկածվում է տուժողի կողմից 1994 թվականին սպանված համագյուղացու որդին։ Սեպտեմբերի 6-ին երիտասարդը մասնակցել է մահացած ազգականներից մեկի մահվան 40-րդ օրվան նվիրված արարողությանը, ապա այցելել իր հոր շիրիմին, ով սպանվել է համագյուղացու կողմից1994թ , ապա այցելել վերջինիս, որի ժամանակ առաջացել է վիճաբանություն և այդ ընթացքում էլ բակում գտնվող բահով և եղանով հարվածներ է հասցրել նրա գլխին ու սպանել:
Երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ իրավապահները շարունակում են միջոցներ ձեռնարկել։