Արթիկ քաղաքի և Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր
ՀՀ Արթիկ քաղաքի և Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի միջև օգոստոսի 21- ին ստորագրվեց համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը և Վոդզիսլավ Սլյոնսկիի քաղաքապետ Մեչիսլավ Կեցան: Հուշագիրը ենթադրում է փոխհամագործակցային ծրագրեր տարբեր ոլորտներում: Այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից:
Մինչ Արթիկ մեկնելը Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը ընդունել է պատվիրակությանը` քաղաքապետ Մեչիսլավ Կեցայի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև քաղաքապետի տեղակալ Դարիոս Շմիչկան և քաղաքային խորհրդի անդամ Իզաբելա Կալինովսկայան: Ողջունելով հյուրերին՝ մարզպետը նշել է որ իր պաշտոնավարման ընթացքում սա լեհական պատվիրակության կողմից Շիրակի մարզ կատարած 2-րդ այցն էր:
«Պատմականորեն ստացվել է այնպես, որ երկու մարզերի միջև բարեկամական հարաբերությունների ձևավորումը միանգամայն տրամաբանական է: Միջնադարից սկսած Լեհաստանում ձևավորվել են հայկական գաղութներ, որոնք լեհական իշխանությունների կողմից հատուկ բարեգթության են արժանացել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք գաղթականներ էին և գտել էին իրենց հանգրվանը քրիստոնյա Լեհաստանում»,- ասաց նա: