Մինչև 10 հեկտար այգիների համար այգեգործներին կտրամադրվեն 5%-ոց վարկեր. գյուղնախարար
Արարատի մարզի Երասխավան համայնքում «Գրին ֆարմեր» ընկերությունը պատրաստվում է հիմնվել կեռասի, ծիրանի և խնձորի ինտենսիվ այգիներ` 31 հեկտար ընդհանուր մակերեսով:
Այսօր Երասխավան այցելած գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին ընկերության տնօրեն Հայկ Հունանյանը հայտնել է, որ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ, իսկ տնկման աշխատանքները կիրականացվեն հաջորդ տարվա գարնանը:
Առաջին բերքն ակնկալում են ստանալ տնկման հաջորդ տարում, իսկ հիմնական բերքը կսկսեն ստանալ 5-րդ տարում: Կանխատեսվում է, որ այգու բոլոր մրգատեսակների մթերման ծավալը կկազմի շուրջ 5000 տոննա:
Այգին ամբողջությամբ պատված կլինի հակակարկտային ցանցերով, իսկ կեռասը` նաև հակաանձրեւային ցանցով, ոռոգումն ամբողջությամբ իրականացվելու է կաթիլային համակարգով, կներդրվի նաև հակասառեցման համակարգ՝ ցրտահարությունից խուսափելու համար: Նա վստահեցրել է, որ կաթիլային ոռոգումը հնարավորություն կտա ապահովել բերքատվության մոտ 30% աճ: Այգում աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով ձեռք է բերվել տեխնիկա:
«Վաղահաս եւ ուշահաս տարածքներում ինտենսիվ այգիների հիմնումը կարող է լինել շատ շահավետ, քանի որ նման այգիների բերքն ավելի բարձրարժեք է, իսկ իրացումը` երաշխավորված: Այդ նպատակով մենք 2018 թվականից կիրականացնենք նոր ծրագիր, որով մինչև 10 հեկտար այգիների համար այգեգործներին կտրամադրվեն 5%-ոց վարկեր մինչև 5 տարի մարման ժամկետով», - նշել է նախարարը` հավելելով, որ ծրագրին կկարողանան դիմել բոլոր ցանկացողները: